06-03-2015 09:12

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։ Հանդիպմանը կողմերը համաձայնեցին, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։