07-02-2015 15:00

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Երեկ Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։ Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն հայտնեցին՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծեցին տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։