Բավ է պառակտվել
11-09-2015 11:53

Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը.ՀՀ ԱԳՆ

Այն, ինչ կատարվում է այսօր Մերձավոր Արևելքում, հիշեցնում է Հայոց ցեղասպանության սարսափը: Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) ունեցած ելույթում ասել է պաշտոնական այցելությամբ Մեծ Բրիտանիայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «1915թ. հայերին բռնահանում էին դեպի այն անապատները, որտեղ այսօր իրականցվում են այսպես կոչված «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունները, որտեղ ոչնչացվում են եզդիները, քրիստոնյաները, այլ փոքրամասնություններ և հնագույն քաղաքակրթությունների հետքերը: 1894-96թթ. հայերի դեմ կատարված ոճրագործությունների նկատմամբ համապատասխան միջազգային արձագանքի բացակայությունը և անպատժելիությունը հանգեցրին 1915թ. Ցեղասպանությանը: 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունեցին հատուկ հռչակագիր, որը հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին նախազգուշացնում էր, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «Թուրքիայի կողմից իրականացված մարդկության և քաղաքակրթության նկատմամբ այս նոր հանցագործությունների համար»: Այնուամենայնիվ, դա ուշացած փորձ էր` կանխելու այն, ինչը պիտի կանխվեր շատ ավելի վաղ: 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին վաղ նախազգուշացման մեխանիզմների և կանխարգելման ջանքերի ձախողման պատճառով»,-ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսրության ղեկավարը: Նա ընդգծել է. «Մենք` հայերս, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն վերապրածներ, բարոյական պատասխանատվություն ենք զգում մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում: Մենք ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ենք նախաձեռնում, պարբերական միջազգային համաժողովներ կազմակերպում և վճռական ենք տրամադրված` մեծացնելու մեր ներդրումը ցեղասպանության կանխարգելման միջազգային հանրության ջանքերում: Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև` թուրքական ժխտողականության 100-րդ տարին: Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի տպավորիչ խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար»: Նալբանդյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով և հարթություններով: Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլև նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014թ. վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձևեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլն: «Ես կցանկանայի հատուկ ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլև խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին: Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երևանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլև` ողջ մարդկության ողբերգությունը և ցավը: Սա ևս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին: Այս կապակցությամբ Հայաստանի Նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երևան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի Նախագահին: Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից»,-ասել է ԱԳ նախարարը: