28-05-2015 11:05

Հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը.Նալբանդյան

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմամբ երեկ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա: Նախագահ Բաշար ալ-Ասադը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա, այն կարևոր է համարել՝ միաժամանակ, բարձր գնահատելով Սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ իր այցը կայանում է սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի Նախագահն ասել է. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։ Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշանական համարելով իր այցը Սիրիա 2015թ., նշել է. «100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, իսկ սիրիական անապատները դարձան Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի վերջին հանգրվանը։ Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց, նրանց համար Սիրիան դարձավ ապաստան և երկրորդ հայրենիք»։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն են այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել այս տարվա ապրիլին՝ Երևանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին սիրիական բարձր մակարդակի պատվիրակության ներկայության համար, ինչը հայ ժողովրդի հետ սիրիացի ժողովրդի համերաշխության դրսևորումն է: Սիրիայի Նախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Սիրիայի Նախագահն ընդգծել է, որ երկրում քրիստոնյաների ներկայությունը կարևոր է հանդուրժողականության և բազմազանության տեսանկյունից։