09-02-2015 14:07

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա: «Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, նրա արտահայտած դիրքորոշումները, վկայում են միջազգային հանրության կոչերի նկատմամբ արհամարհանքի ու առավելապաշտական գծի շարունակման մասին»,- ընդգծեց նախարար Նալբանդյանը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։