13-03-2015 14:40

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Բունդեսթագի պատվիրակությանը

Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորեց երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, և խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ ՀՀ արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումները։ Էդվարդ Նալբանդյանն ու Ջեմ Օզդեմիրը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ ջանքերը։