Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում` հիշատակելով, որ Իտալիան մի քանի ամսից ստանձնելու է ԵԱՀԿ համանախագահությունը, իսկ 2018-ին ԵԱՀԿ նախագահությունը, նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու սառեցված հակամարտությունները և, բնականաբար, նաև Արցախի հիմնախնդիրը:
«Իտալիան պնդում է, որ խաղաղ և դիվանագիտական լուծում տրվի հարցին: Մենք բացարձակապես չենք ցանկանում, որ պատերազմական գործողություններ լինեն այս տարածաշրջանում: Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հաջողություն ենք մաղթում ենք»,- ասաց նա:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը հավելեց, որ Հայաստանն ու Իտալիան բազմաթիվ հացերում են համագործակցում, և հուսով է, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:
Ի դեպ՝ ՀՀ և Իտալիայի արտգործնախարարների հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:
Նշենք նաև, որ Իտալիայի արտգործնախարարը երեկ պաշտոնական այցով եղել է Վրաստանում, այսօրվա Հայաստան այցելությունից հետո նախատեսվում է նրա այցն Ադրբեջան: