Բավ է պառակտվել
05-12-2014 17:11

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում

Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ։ Դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 21-րդ նստաշրջանի օրակարգը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի հետ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները` տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրեց Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ երկու երկրները կշարունակեն առավել ամրապնդել և խորացնել բարիդրացիական հարաբերությունները։ Զրուցակիցները քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների առաջիկա ժամանակացույցը, կարևորվեց ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։ Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` Էդվարդ Նալբանդյանի և Քեյթ Պենտուս-Ռոզիմաննուսի հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։

Քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էստոնական փոխգործակցությունը։ Նախարարներն անդրադարձան կրթական բնագավառում համագործակցությանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում փոխադարձ այցելություններ իրականացնելու վերաբերյալ։  Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի արտգործնախարար Ջորջ Վելլայի հանդիպմանը անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունները ձևավորելու նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Այս առումով կարևորվեց համատեղության կարգով Վալետայում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը։Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանն ու Ջորջ Վելլան մանրամասն մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության շուրջ։