Բավ է պառակտվել
13-06-2017 12:34

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային փաստաթղթի ստորագրման հավանական ժամկետները

Հայաստանը նախատեսում է նոյեմբերին ավարտել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստումը և ստորագրել այն: Այս մասին երեքշաբթի օրն իր էստոնական գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ բրիֆինգի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Էստոնիայի ԱԳՆ ղեկավրի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում ԵՄ-ում այդ երկրի նախագահության նախաշեմին: Էստոնիան հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ-ի նախագահությունը:
«ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում Հայաստանը ծրագրում է ավարտին հասցնել ԵՄ-ի հետ շրջանակային փաստաթղթի նախապատրաստումը, որի շուրջ բանակցություններն արդեն ավարտված են, և նոյեմբերին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովին նախատեսվում է դրա ստորագրումը»,- ասել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է, որ Միկսերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, համագործակցությունը տարատեսակ ոլորտներում: Բացի այդ Էստոնական ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնցով Էստոնիան առաջնորդվելու է ԵՄ-ում նախագահության ժամանակ:
Միկսերը նաև ընդգծել է, որ Էստոնիան առաջին անգամ կստանձնի ԵՄ նախագահությունը՝ վեց ամիս ժամկետով:
« Դա մարտահրավեր կլինի, մանավանդ, որ ժամանակներն էլ են մարտահրավերներով լի, մասնավորապես, տարատեսակ զարգացումներ են ընթանում նաև ԵՄ-ի ներսում , որոնք գտնվում են ուշադրության կենտրոնում: Դա վերաբերվում է նաև Brexit-ի շուրջ բանակցություններին: Հույս ունենք, որ այդ գործընթացները ստվեր չեն նետի ԵՄ-ում ընթացող այլ գործընթացների վրա»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ Էստոնիան նախագահության շատ հավակնոտ օրակարգ ունի, այն ծրագրում է բարձր արդյունքներ գրանցել տարբեր ուղղություններով, և դրանցից մեկն էլ «Արևելյան գործընկերության» ծրագիրն է:
« Մենք «Արևելյան գործընկերության» հետ կապված շատ հավակնոտ օրակարգ ունենք, որի շրջանակներում նոյեմբերին գագաթնաժողով տեղի կունենա, և մենք հույս ունենք, որ հաջողությամբ ավարտին կհասցնենք ՀՀ -ԵՄ բանակցությունները: Մեզ զգալի արդյունքներ են հարկավոր, որոնք կբավարարեն «Արևելյան գործընկերության» երկրների ակնկալիքները»,-ասել է Միկսերը:
Նրա խոսքերով, նախատեսված են նաև մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության ֆորումն ու բիզնես ֆորումը, որը թույլ կտա ամրացնել գործարար համայնքների միջև կապերը, և օգտագործել առկա պոտենցյալը:
2017թ. մարտի 21-ին Հայաստանն ու Եվրոպական Միությունը նախաստորագրեցին ընդգրկուն և համապարփակ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:
Ավելի վաղ ծրագրվում էր, որ 2013թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում Երևանը ԵՄ-ի հետ կստորագրի ազատ առևտրի գոտու և ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը: Սակայն, դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին:
Չնայած դրան, ԵՄ Խորհուրդը 2015թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստի ընթացքում Եվրահանձնաժողովին լիազորեց Հայաստանի հետ նոր, ընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել, որը կփոխարինի ՀՀ-ի հետ գործընկերության և համագործակցության վերաբերյալ գործող համաձայնագրին: