21-07-2015 09:30

Դոնալդ Տուսկը հանդիպել է ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացնուցիչների հետ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպել է ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: «Օրինաց երկիր» կուսակցության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը և ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը: Հանդիպման մասնակիցները Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են ՀՀ սահմանադրական և ընտրական բարեփոխումներին, ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Մհեր Շահգելդյանը, ներկայացնելով «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, ընդգծել է, որ այն միավորում է 80 ավելի քաղաքական և հասարակական կազմակերպություններ և նշել է, որ սահմանդրական բարեփոխումների ներկայացված տարբերակն ընդունելի չէ, այն բերում է իշխանության մենաշնորհացման. «Խիստ մեծացնելով վարչապետի իրավասությունները՝ ձևավորվում է ոչ բալանսավորված կառավարման համակարգ»: Ինչ վերաբերում է խորհրդարանի ձևավորմանը, ապա Մհեր Շահգելդյանի կարծիքով նման տարբերակ աշխարհի ոչ մի խորհրդարանում գոյություն չունի, և այն պետք չէ նաև Հայաստանի Հանրապետությանը. «Այս համակարգն ուղղակի դուրս է մղելու ընդդիմադիր կուսակցություններին իրական քաղաքական գործընթացից և չեզոքացնելու է վերջիններիս կողմից ստացած ժողովրդական մանդատը»: Ընտրիչների միջոցով նախագահի ընտրության կարգը Մհեր Շահգելդյանը ևս անընդունելի է համարել: Մհեր Շահգելդյանը նաև տեղեկացրել է, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը մշակել են ընտրական բարեփոխումների նախագիծ և ուղարկել Վենետիկի հանձնաժողով: