Բավ է պառակտվել
27-02-2014 19:46

Հայաստանը կարևորում է Վրաստանի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի պատվին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում և հույս հայտնել, որ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը, հայ և վրաց ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով ՀՀ Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին Վրաստանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այցի շրջանակներում կկայանա հայ-վրացական օրակարգում ներառված բոլոր հարցերի ուղղությամբ արդյունավետ քննարկումներ, ինչը թույլ է տալիս անընդհատ զարգացող երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևոր է լսել նաև Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ, քանի որ երկկողմ հարաբերությունների մակարդակը, իրոք, հնարավորություն է ընձեռում կառուցողական մոտեցմամբ դիտարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար:
Բանակցությունների շրջանակներում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, կողմերի համոզմամբ, երկու երկրների տնտեսական առաջընթացի ապահովման տեսանկյունից կարևոր են:
Վրաստանի Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի և նրա մայրաքաղաքի հետ իրեն կապում են շատ ջերմ հիշողություններ, բացի այդ, ըստ Նախագահ Մարգվելաշվիլիի, այս տարածաշրջանում գոյություն ունի նաև երկու ժողովուրդների համատեղ կյանքի բազմադարյա մշակույթ: Վրաստանի Նախագահը նշել է, որ իր կարծիքով, այսօր երկու երկրները շարունակում են կառուցել այն, ինչի հիմքն արդեն իրենց նախնիները դրել են: Նրա խոսքով, դա բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի, ինչպես նաև ժողովուրդների միջև շփումների հիմքն է: Նա ընդգծել է, որ վիրահայերը շատ բան են անում Վրաստանի համար. նրանք ամրապնդում են Վրաստանի տնտեսությունը, հարստացնում են մշակույթը: Գիորգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, այն, որ Վրաստանում հայերը չեն կորցնում իրենց ավանդույթները և սրբորեն պահպանում են դրանք, ինչպես նաև մշակույթը, լեզուն, այդպիսով, ակնհայտորեն, հարստացնում են նաև վրացական մշակույթը: Նա ընդգծել է, որ Վրաստանն ազատության և մշակույթների հանդիպման վայր է, որտեղ տարբեր մշակույթներ զարգանում ու նոր ծիլեր են տալիս:
Վրաստանի Նախագահի կարծիքով, իր գլխավորած պատվիրակության այցը Երևան կարևոր է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման տեսանկյունից, քանի որ հայ և վրաց ժողովուրդներն ապրում են նույն տարածաշրջանում, ունեն այդ տարածաշրջանում ընդհանուր ապագա, իսկ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներում նշանակալի է: Նախագահ Մարգվելաշվիլին նույնպես հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա հարցերը բարիդրացիական մթնոլորտում ընթացող բանակցությունների արդյունքում լուծում կստանան:
Հայաստանի և Վրաստանի նախագահները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-երի առջև հայտարարությամբ: