Բավ է պառակտվել
24-01-2015 12:36

Գերմանիան քննարկում է Ապրիլի 24-ին Երևան այցելելու հարցը

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Երևանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը: 
1915 թվականի դեպքերը «ջարդեր ու տեղահանություն» որակող Գերմանիայի կառավարությունը նշել է. «Դաշնային կառավարությունն Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին տեղի ունեցած ջարդերի ու տեղահանության 100-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունն աչքի է անցկացնում»։ 
Միևնույն ժամանակ Դաշնային կառավարությունը նշել է, որ 1915թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների վրա լույս սփռելու համար կյանքի կոչվող բոլոր նախաձեռնություններին ուրախությամբ են արձագանքում:
Ի պատասխան Գերմանիայի Ձախ կուսակցության հարցապնդման՝ Գերմանիայի կառավարությունը նշել է. «Ջարդերի ու տեղահանությունների բացահայտումը նախ Թուրքիայի ու Հայաստանի հարցն է: Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմերի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»: 
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանն արդեն արձագանքել է նրա հրավերին՝ նշելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանն ստանալու»: