Բավ է պառակտվել
21-04-2015 09:26

Գերմանիան մտադիր է ճանաչել հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն

Կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի դաշնային կառավարությունը հայերի ջարդերը ցեղասպանությունների շարքին դասելու համաձայնություն են տվել: Այս մասին հայտնում է  դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտինը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Շտեֆեն Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցած դարի սկզբին հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ կոալիցիոն կուսակցությունների առաջ քաշած բանաձևին: Նրա խոսքով՝ բանաձևում նշված է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների, ու ցեղասպանությունների պատմության օրինակ է»: «Ռոյթերզի» փոխանցմամբ կառավարության բանաձևի քննարկման վրա էական ազդեցություն կարող է ունենալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, ով Բունդեսթագում կայանալիք քվեարկությունից առաջ՝ հինգշաբթի երեկոյան, Բեռլինի տաճարում մասնակցելու է հիշատակի արարողության և ելույթ է ունենալու: Որոշ տեղեկություններով՝ նա օգտագործելու է «ցեղասպանություն» բառը: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը տեղեկացրել է, որ «նշված թեմայի շուրջ» մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախագահի և կառավարության միջև, որի ժամանակ «նախագահականից ազդակներ են տրվել»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների՝ ՔԴՄ և ԳՍԴԿ կողմից առաջարկված բանաձևի նախագծում Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ծրագրավորված սպանությունների վերաբերյալ ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության մի օրինակ է, որոնցով 20-րդ դարը սարսափելի կերպով առանձնանում է: Մենք գիտակցում ենք Հոլոքոստի յուրահատկությունը, որի համար Գերմանիան մեղքի զգացում և պատասխանատվություն է կրում»: