Բավ է պառակտվել
17-01-2018 09:56

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության լուծումն ընդգրկել է 2018թ. առաջնահերթությունների շարքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության լուծումն ընդգրկել է 2018թ. առաջնահերթությունների շարքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է 2018 թվականին համաշխարհային կազմակերպության գործունեության 12 առաջնահերթությունները: Դրանց թվում նա ներառել է Ուկրաինայի, Սիրիայի, ինչպես նաև այլ թեժ կետերի ճգնաժամերի կարգավորումը, ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայի գլոբալ փոփոխությանը դիմակայումն ու միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումը:

Գուտերեշը կոչ է արել բուժել այն «կաթվածը, որը հանգեցրեց եվրոպական հակամարտությունների սրմանն ու սառեցմանը»: «Հաշվի առնելով, որ երկու համաշխարհային պատերազմները, ինչպես նաև Եվրոպայի ռեսուրսներն ու ներուժը, մենք չպետք է թույլ տանք տարածաշրջանում առկա հակամարտությունների շարունակումը», - ընդգծել է նա:

Նրա խոսքերով, տարածաշրջանում հակամարտությունները կարգավորելու համար հարկավոր է հակահարված տալ ազգատյացության վտանգավոր ալիքին , ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»:

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է «կենտրոնացված ջանքերի» անհրաժեշտությունը Արևմտյան Բալկաններում հակամարտությունների համար երկարաժամկետ լուծումներ գտնելու նպատակով: «Ես կոչ եմ անում եվրոպական առաջնորդներին ցույց տալ, որ մայրցամաքը կարող է գոյություն ունենալ ընդհանուր բարեկեցության և խաղաղ գոյակցության իր իդեալների համաձայն», - ընդգծել է Գուտերեշը:

 

12 առաջնահերթությունները

ՄԱԿ-ի կենտրոնակայանի ոչ պաշտոնական նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թվարկել է 2018թ. կազմակերպության 12 առաջնահերթությունները, որոնց թվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Գուտերեշը սկսել է գլոբալացման գործընթացը կարգավորելու և տնտեսական ու սոցիալական հավասարությունն ապահովելու կոչով: Նա անարդար է անվանել այն, որ աշխարհի 8 ամենահարուստ մարդկանց կապիտալը հավասար է « Երկրի բնակչության ամենաաղքատ կեսի» կապիտալին, և կոչ է արել կառավարություններին՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և անօրինական կապիտալի հոսքի դեմ արդյունավետ մեխանիզմներ ներդնել:

Ընդգծելով կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, նա նշել է, որ 2016 թվականին՝ երեք տարվա ընթացքում առաջին անգամ նկատվել է ածխաթթու գազի արտանետումների մակարդակի բարձրացում, ինչն էլ հանդիսանում է գլոբալ տաքացման հիմնական պատճառը:

Նա տվյալներ է ներկայացրել նաև այն մասին, որ վերջին հինգ տարիները «ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգն էին »:

Այլ առաջնահերթությունների շարքում գլխավոր քարտուղարը նշել է 2018 թ. անվտանգ և կարգավորվող միգրացիայի մասին համաշխարհային համաձայնագրի ընդունումը, ժամանակակից տեխնոլոգիաները հօգուտ մարդկության օգտագործելը, ՄԱԿ-ի և Աֆրիկայի միության միջև գործընկերության ամրապնդումը, խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև մարդու իրավունքների հարգումը:

 

Միջին Արևելքի գորդյան հանգույց

Կորեական թերակղզում առկա ճգնաժամի կարգավորումը նշելով որպես 2018 թվականի առանձին խնդիր, Անտոնիո Գուտերեշը մանրամասնորեն անդրադարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առկա իրավիճակին, նշելով, որ դա Գորդյան հանգույց է:

Նա իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների վերսկսման կոչ է արել, նշելով, որ երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծման միջոցով հակամարտության կարգավորումը շարունակում է անառարկելի տարբերակ մնալ ՄԱԿ-ի համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև Լիբանանում կայունության ապահովման անհրաժեշտությունը, արտահայտվել է Եմենի խնդրով հնարավորինս շուտ երկխոսություն սկսելու կարևորությունը, հույս հայտնել, որ Սիրիայի կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի, և խոստացավ աջակցել «Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման բոլոր ջանքերին»:

Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարի հատուկ ուշադրությանն արժանացավ Մյանմայի Ռախին նահանգի ճգնաժամը, որը հանգեցրել է երկրից մահմեդական ռոհինջի ազգության ներկայացուցիչների զանգվածային արտաքսմանը: Բացի այդ, Գուտերեշը ընդգծել է հակաահաբեկչական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

«Ահաբեկչությունը հաղթահարելու համար, դրան հարկավոր է տալ համակարգված գլոբալ հակահարված», - ասել է նա, հավելելով, որ այս տարվա հունիսին մտադիր է դրա վերաբերյալ գագաթաժողով անցկացնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կառավարություններին հիշել մարդու իրավունքների մասին, ինչպես նաև հոգ տանել ահաբեկչության զոհերին: «Մի խոսքով, անհրաժեշտ է խելքով կանխել ահաբեկչությունն ու պայքարել դրա դեմ», - եզրափակել է նա:

 

Երկրները չեն հաղթահարում մարտահրավերները

ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակությունների առաջ ունեցած ելույթից հետո Անտոնիո Գուտերեշը տվեց 2018 թվականի առաջին մամուլի ասուլիսը, որի ժամանակ միջազգային հանրությանը կոչ արեց գիտակցել, որ այն «չի հաղթահարում» մարդկության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ:

Նրա խոսքերով, նա իր պարտքն է համարում «դժվար իրավիճակներից դուրս գալու ուղիներ առաջարկելը»:

«Ես անհանգստացած եմ ձգձգված հակամարտություններից և ահաբեկչության տարածումից: Մերձավոր Արևելքում մենք գործ ունենք գորդյան հանգույցի, և Կորեական թերակղզում հնարավոր միջուկային աղետի հետ: Կլիման ավելի արագ է փոխվում, քան մենք գործում ենք, անհավասարությունն ու ազգայնականությունը ակտիվանում են, իսկ վստահությունն ու համերաշխությունը գնալով պակասում են », - ասել է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքերով, այս լուրջ մարտահրավերների առջև «աշխարհին համարձակ առաջնորդներ են պետք»: «Մեզ ավելի քիչ ատելություն է պետք, ավելի շատ երկխոսություն և ավելի խորը միջազգային համագործակցություն: Եթե միասնություն լինի, ապա մենք կարող ենք 2018 թվականը շրջադարձային դարձնել և փոխել այն ուղղությունը, որով ընթանում է աշխարհը», - ասել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը: