03-04-2016 09:03

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ընդհարումը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության օգտագործման և բազմաթիվ զոհերի հետ կապված։
Ինչպես նշվում է շաբաթ օրը ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, գլխավոր քարտուղարը «հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ վերջ դնել զինված գործողություններին, լիարժեք կատարել հրադադարի մասին համաձայնագիրը և անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակի սրումը թուլացնելու համար»։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի մեծամասշտաբ խախտման մասին վերջին հայտարարություններով։ Նրան առավել անհանգստացնում է ծանր սպառազինության և մեծաքանակ զոհերի մասին հաղորդումները, այդ թվում` քաղաքացիական բնակչության շարքերում», — հայտնել են համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունից։
Այս կապակցությամբ Պան Գի Մունը հաստատել է ԵԱՀԿ ՄԽ-ին և բոլոր այն կողմերին իր աջակցությունը, որոնք աշխատում են «այս վտանգավոր իրավիճակի կարգավորման ուղղությամբ և նրանց, ովքեր հետամուտ են բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»։