21-04-2016 12:36

Հետաձգվել է Բան Կի Մունի այցը Հարավային Կովկաս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չեղյալ է հայտարարել Հարավային Կովկասի երկրներ նախատեսված իր այցը: Այս մասին ասել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:

Բան Կի Մունը Հայաստան պետք է այցելեր ապրիլի 25-ին: Արմինե Հալաջյանի խոսքով՝ այդ օրերին Բան Կի Մունը հրատապ հարցերով պայմանավորված այլ տեղում պետք է լինի:

Թե երբ տարածաշրջան կայցելի Բան Կի Մունը, այս պահին հայտնի չէ:

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է այցելեր նաեւ Թբիլիսի եւ Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաքում նա պետք է մասնակցեր նաեւ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին:

Նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հանդես էր երեկլ հայտարարությամբ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Բաքվում նախատեսված ֆորումը:

Այսպիսով, ՄԱԿ-ի ողջ պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա չի լինելու ֆորումին եւ առաջին անգամ այն անցկացվելու է առանց կոնսենսուսի:

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես, նշվում է, որ «2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված` 1994թ. զինադադարի եւ 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին եւ նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները եւ հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:

Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները եւ քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները եւ ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր եւ նպատակային թիրախներ: Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետեւանքով դպրոցի բակում զոհված 12-ամյա տղան, ինչպես նաեւ վիրավորված երկու այլ դպրոցականներ:

ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ եւ սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային եւ կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականացնում են բարբարոսություն եւ սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ:

Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեհամակարգը:

Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել:

Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները: