23-10-2014 19:16

Գերմանիայի ԱԳ նախարար. Հարգում ենք ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել հարգել Հայաստանի կողմից ընդունված որոշումները: Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բեռլինը հարգում է ԵՏՄ-ին միանալու Երեւանի որոշումը: «Սակայն կարծում ենք, որ Հայաստանը նույնպես դա չի դիտարկում՝ որպես Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման խոչընդոտ», - հայտարարել է նախարարը: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Գերմանիայի արտգործնախարարը նշեց, որ հաճույքով է հիշում իր առաջին այցը Երեւան: Դրանից ի վեր հարաբերություններն ու կապերը զարգացել են, նշել է նախարարը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Գերմանիան սերտորեն կապված են: Գերմանիան Հայաստանի կարեւորագույն եվրոպական գործընկերներից մեկն է: Երկու երկրները համագործակցում են նաեւ այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղարարար գործունեությունը: