Բավ է պառակտվել
01-10-2014 13:08

Պուտինն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետությունը». Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, այժմ ՌԴ-ում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «ամենավտանգավոր մարդն է աշխարհում» և ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Այդ մասին Կասպարովն ասել է Yahoo News-ին տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Միևնույն ժամանակ, Կասպարովը խստորեն քննադատել է ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, այնպես էլ եվրոպացի քաղաքական գործիչներին։ Նախկին չեմպիոնի կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը չափազանց ուշ է արձագանքել Պուտինի ագրեսիային Ուկրաինայում, ինչը, վերջին հաշվով, հանգեցրել է Ղրիմի անեքսիային։ Եվրոպացիների անտարբերությունը ռուս նախագահի գործողությունների հանդեպ Կասպարովը համեմատել է անգործության հետ, որը տիրում էր աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Ընդ որում՝ նա կեղծավորություն է անվանել այն, որ Վաշինգտոնը և նրա արևմտյան դաշնակիցները պայմանավորվել են ջիհադիստների դեմ պայքարող սիրիացի ընդդիմադիրներին մատակարարումներ իրականացնելու շուրջ և մերժել են Ուկրաինայի նույն խնդրանքը։  Կասպարովն աջակցել է պատժամիջոցներին, որոնք սահմանվել են ՌԴ-ի հանդեպ՝ նշելով, որ դրանք կվնասեն ոչ միայն ռուսական տնտեսությանը, այլև անձամբ Պուտինին և նրա մերձավոր շրջապատին։ Սակայն դրա համար պատժամիջոցները պետք է պահպանել առնվազն մինչև 2015թ. մարտ։ Նա անհագստանում է, որ Պուտինը կարող է օգտագործել ցուրտ ձմեռը և դեպի Եվրոպա գազամատակարարումը դադարեցնելու սպառնալիքները՝ որպես պատժամիջոցները մեղմելու լծակ։