Բավ է պառակտվել
28-01-2014 14:02

Կաթողիկոսի ՝ Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձը

 Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրությամբ տարածել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ՝ Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձը։

Ուղերձը՝ ստորև։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Քրիստոսահաստատ մեր նվիրական սրբավայրից, Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ մեր ողջ ժողովրդին և քաջարի մեր բանակի զորաց ու զորականաց։

Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ` արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի: Հայոց բանակը մշտապես կրողն է եղել մեր ժողովրդի հավատավոր, ազատատենչ հոգու, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները: Այսօր էլ մեր բանակի մարտիկները հերոսանում և իրենց կյանք են ընծայում հայրենիքին` դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին: Այս տոնական օրը մենք հիշում ու մեծարում ենք հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զինվորներին ու զորավարներին և անմահ մեր հերոսներին, և բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին անկախ պետականության ստեղծման վեհ և նվիրական գործին։

Մաղթում ենք, որ Հայոց բանակի մարտիկները հոգու նվիրումով ու արիությամբ, նախանձախնդրորեն շարունակեն իրենց մշտարթուն ծառայությունը և բազմապատկեն Հայոց բանակի ձեռքբերումները` պաշտպանելով մեր երկիրը, մեր արժեքներն ու սրբությունները:

Թող Ամենակալ Տերը խաղաղություն շնորհի ողջ աշխարհին և Իր Ամենախնամ Աջի հովանին տարածյալ պահի հայոց երկրի, զորաց ու զորականաց և ժողովրդի վրա:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիս հետ: Ամեն:

Օրհնությամբ` Գարեգին Բ
Կաթողիկոս ամենայն հայոց