Բավ է պառակտվել
29-04-2014 15:29

ՀՀ ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով 101 ձայնով ԱԺ պատգամավոր է ընտրվել Հանրապետական խմբակցության թեկնածու Գալուստ Սահակյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ամփոփելով քվեարկության արդյունքները հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել է 3 պատգամավոր:
Գ. Սահակյանը շնորհակալություն հայտնեց Հանրապետական խմբակցությանն ու մյուս պատգամավորներին:
«Ազնիվ ձևով գնահատում եմ իրավիճակը: Ես սիրում եմ պայքարել ու պայքարով որոշակի հաջողություններ եմ ձևավորել իմ կյանքում, ավելի ամուր եմ ինձ այս պահին զգում: Ես մտածում եմ ստեղծել մի հարթակ, որտեղ կքննարկվեն բոլոր առաջարկությունները», - հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Կենսագրական տվյալներ
Սահակյան Գալուստ Գրիգորի
Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երևանում:
1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր:
1970-1972թթ. Երևանի մետաքսի կոմբինատում եղել է փականագործ:
1972-1991թթ. աշխատել է կրթական համակարգում. թիվ 30 դպրոցում՝ ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն:
1991-1996թթ. եղել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար: 2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.06.2007-17.11.2008թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
11.11.2008-31.05.2012` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավարն է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: