31-10-2014 18:56

Գալուստ Սահակյան. Ավելի լավ կլինի ավելի շատ ինձ լսեք

«Դեռևս ընդդիմությունը պահանջներ չի ներկայացրել, իսկ մենք կատարում ենք կառավարության ծրագիրը, որը հաստատել ենք մենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ եք ընդդիմության պահանջները կատարել: Ի պատասախան այն դիտարկման, թե ընդդիմությունը խոսում է իշխանափոխության պահանջի մասին, ԱԺ նախագահն ասաց. «Խոսքի ազատություն է»: Գ. Սահակյանի խոսքով, իրենք կողմնակից են սահմանադրական ճանապարհով ցանկացած փոփոխություն կատարելուն: Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախկին կոալիցիոն գործընկերներն այլևս միասին չեն, ԲՀԿ առաջնորդն էլ չի բացառում իր առաջադրվելը նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահն ասաց. «Քաղաքական պրոցեսները համաձայնությունների դաշտ է: Այնպես չէ, որ համաձայնությունը պետք է շարունակական գործի: Կոալիցիաները ժամանակավոր կառույցներ են»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ հաջորդ տասը տարում իշխանությունում նույն դեմքերը չեն լինելու, ի՞նչ ծրագրեր ունենք հաջորդ 10 տարվա համար, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ընդհանրապես ամբողջ կյանքի, հասարակության, ազգի համար շատ մեծ ծրագրեր ունեմ»:Այն դիտակմանը, թե, փաստորեն, ըստ Գ. Ծառուկյանի, այլևս Դուք չեք լինելու, ԱԺ նախագահն ասաց. «Կարծում եմ՝ ավելի լավ կլինի ավելի շատ ինձ լսեք»: