Բավ է պառակտվել
21-06-2014 19:08

Այսօր, ԱԺ-ում Գալուստ Սահակյանը ընդդիմության ՛՛կարիքն՛՛ է զգացել

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում 66 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նշենք, որ նախագիծն անցկացվեց առանց քառյակի և «Օրիանց երկիր» խմբակցության։

ԱԺ մեծամասնությունն առանց քառյակի և «Օրինաց երկիր» խմբակցության իրար հետևից երկրորդ ընթերցմամբ կամ ամբողջությամբ ընդունել է մի շարք օրենքի նախագծեր։

68 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե զգացվում է ընդդիմության պակասը։ «Շատ դժվար է առանց ընդդիմության»,– ասաց նա:

Բոլոր նախագծերն ամբողջական կամ երկրորդ ընթերցմամբ ընդունվում էր 68 կողմով։ Երկու նախագծեր նույնիսկ ընդունվեցին մեկ դեմ քվեարկությամբ։ Դեմ քվեարկողը ՀՀԿ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն էր։ Նա նույնիսկ մեկ անգամ քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունենալու ցանկություն հայտնեց, ինչն էլ ՀՀԿ-ականներին ուրախացրեց։ «Էս պահին կանոնադրության խախտում կլինի, որ տամ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը պահանջեց մեծամասնական պատգամավորներին հեռու չգնալ, քանի որ 15 րոպե ընդմիջումից հետո սկսվում է նոր արտահերթ նիստ։

Նշենք, որ արտահերթ նիստին կքննարկվի և կընդունվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ։