16-09-2014 13:33

Գագիկ Ծառուկյանը ևս պայքարում է Սերժ Սարգսյանի դեմ. ՀԱԿ մամուլի խոսնակ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ է պայքարում Սերժ Սարգսյանի վարչակազմի դեմ. Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում փարատեց բոլոր կասկածները։
«Հարցազրույցում շատ հարցերի պատասխաններ սպառիչ տրվել են, կասկածները փարատվել են։ Մեր գործընկեր ԲՀԿ-ն ըստ էության արդեն տեւական ժամանակ իր գործողություններով կանգնած է ոչ իշխանական ուժերի եւ հասարակության կողքին, պաշտպանում է նրանց շահերը եւ Սերժ Սարգսյանի դեմ են պայքարում»,- ասաց նա։
Լրագրողների դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ-ն պաշտպանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը՝ Մուսինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հասարակական-քաղաքական կյանքում գոյություն չունեցող երեւույթների մասին չարժի խոսել»։
Մուսինյանը նշեց, որ քաղաքական պրոցեսները մտել են ակտիվ շրջան: Ոչ իշխանական քաղաքական ուժերը, այս իշխանության դեմ ուժերը, այդ թվում նաև հասարակության գերակշիռ հատվածը քաղաքական աշուն են մտնում մարտականորեն տրամադրված, իսկ իշխանությունն առավել քան երբևէ թուլացած:
Մուսինյանի խոսքով, այսօր հասարակության կենտրոնում գտնվող խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ, այսինքն՝ «այս ծրագրի հիմնական նպատակը ոչ թե քաղաքական համակարգի առողջացումն է, այլ սահմանադրական բարեփոխումներով վերարտադրության խնդիրը լուծելը»:
ՀԱԿ մամլո խոսնակի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների ծրագիրը ձախողվելու է: