11-09-2014 19:42

Լուրջ չէ խոսել մի բանի մասին, որը դեռ հայտնի չէ. Գագիկ Ծառուկյան

Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ. պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Այս մասին Zham.am-ին տված հարցազրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խնդրին:
՛՛Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու՛՛,-նշել է նա:
Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում, Ծառուկյանն արձագանքելն է. «Այսինքն` Ձեր ասած հանձնաժողովի անդամները գնացել են գյուղեր` բերքահավաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գյուղացին չունի սերմնացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրավ է դրել իր տունն ու հողը, ու ասել են` սիրելի գյուղացի, դրանք բոլորը կարեւոր չեն, ամենակարեւորը սահմանադրությո՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրությունը: Այդպե՞ս է եղել: Սա լուրջ չէ:
Թե՞ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծվող գյուղերում: Թե՞ աղետի գոտում են քննարկել, թե՞ ավտոկայաններում ու օդանավակայնում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են:
՛՛Սահմանադրությունը լուրջ խնդիր է, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա` անլուրջ վերաբերվել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել՛՛:
Նրա խոսքով՝ եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ ԲՀԿ-ն նույնպես կքննարկի` դահլիճներում եւ հրապարակներում:
՛՛Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երեւանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման՛՛-ասել է Ծառուկյանը: