05-03-2015 14:45

Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից.Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության համագումարում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի գործընկերներ, ընկերներ

Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, ես միշտ աշխատել եմ արագ հարթել դրանք, որպեսզի չմնա որեւէ նստվածք կամ հետին միտք: Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն: Ձեզնից յուրաքանչյուրն այդ գործում ունի իր ավանդը: Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք: Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել. Քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով: Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների եւ այլ շահի հետ: Իմ թիմի եւ ժողովրդի մեջքի հետեւում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, եւ ոչ թե արցունքներ: Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի եւ գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան: Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, քաղխորհրդի անդամներին, մեր պատգամավորներին: Շնորհակալություն բոլոր շարքային բհկ-ականներին: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմի մի խումբ մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի, առանց խուսափելու պատասխանատվությունից, մի կողմ էին դրել իրենց ընտանեկան եւ անձնական հոգսերը ու աշխատում էին հանուն մեր ընդհանուր գործի: Շնորհակալություն: Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ ընթացիկ հարցերին: Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է:

Շնորհակալություն»: