24-04-2015 12:18

Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է.Ֆրանսուա Օլանդ

«1915 թվականի մայիսից ի վեր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարության՝ որակելով այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի, մարդկության հանդեպ ցեղասպանություն: Առաջին անգամ մարդկության և քաղաքակրթության դեմ գործված ոճիր հասկացությունը մտավ պատմության մեջ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա նշեց, որ Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին, ովքեր Ֆրանսիա էին հասել ունենալով իրենց իբրև միակ իր, գույք, ճամպրուկ՝ իրենց հիշողությունը. «Փնտրում էին նոր հայրենիք: Այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծագույն քաջությամբ, երբ ենթարկվում էին նացիզմի հարձակումներին: Իրենց տաղանդով, հանճարով նպաստեցին Ֆրանսիայի բարգավաճմանը Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն առանց մոռանալու իրենց հիշողությունը, ինքնությունը»: Ֆրանսիայի նախագահը հիշեց այն գիտնականներին, բանվորներին, բժիշկներին, արվեստագետներին, պետական ու հասարակական գործիչներին, ովքեր, ըստ Ֆ. Օլանդի, որքան հայ են, նույնքան էլ ֆրանսիացի են, միավորում են երկու երկրները, ինչպես Շառլ Ազնավուրն է, ով մեր համատեղ հպարտությունն է: Ֆ. Օլանդը նշեց, որ Ֆրանսիայում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Գիտակցում ենք նաև, որ մեկուկես միլիոն հայերի ոչնչացմամբ, անհետացմամբ մեկ դար առաջ ցեղասպանության բառը հայտնագործվեց: Լեմկինը 1944 թվականին հորինեց ցեղասպանության բառը: 2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 2001 թվականից ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներկաներին, հիշողության տուրք մատուցել զոհեին: Այդ օրենքը նաև հարգալից օրենք է, չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի պատճառով, համապատասխանում է Ֆրանսիայի արժեքներին, քանի որ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր մարտնչում են իրենց ամենասուրբ իրավունքների համար»,- ասաց Ֆ. Օլանդը: Նա նշեց, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության դեմ, քանի որ դա նշանակում է վերստին իրագործել կոտորածները, Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջև. «Ֆրանսիան միշտ ներկա է, Ֆրանսիան միշտ հակազդում է»: Նա նաև դատապարտեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ահաբեկչությունը, որին զոհ են դառնում մահմեդականները, նաև քրիստոնայները, այդ թվում սիրիահայերը: «Ահաբեկիչները ոչնչացնում են նաև մշակութային ժառանգությունը, քանի որ նրանք ցանկանում են սպանել ոչ միայն այն, ինչ ներկա է, այլ նաև անցյալը, արմատները»,- շեշտեց Ֆրանսիայի նախագահը: «Այդ պատճառով կարևոր է այսօր լինել Երևանում՝ կոչ անելու բոլորին պաշտպանելու բոլոր փոքրամասնություններին, հատկապես Արևելքի քրիստոնյաներին, որոնք Մերձավոր Արևելքի հարստությունն են: Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը, մենք պետք է պաշտպանենք բոլոր ժողովրդավարական պետություններին՝ այդ տարածաշրջանում կերտելու համատեղ ապագա»,-ասաց նա: Ֆրանսուա Օլանդի խոսքով, ոգեկոչել ցեղասպանությունը՝ նշանակում է ընդունել մի ողբերգություն, որն իր ողջ ծավալով հարվածել է ողջ մարդկությանը, ոգեկոչել զոհերի հիշատակը, նշանակում է թույլ չտալ, որ այլ ոճրագործություններ վերստին տեղի ունենան աշխարհում. «Այդ պատճառով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորութուն է՝ հիշեցնելու համար այդ ոճրագործության հսկայական ծավալները, հիշողության տուրք մատուցել զոհերի հիշատակին, միաժամանակ ցեղասպանության հիշողությունը փոխանցել հետագա սերունդներին»: Նա նշեց, որ Ֆրանսիան ցանկանում է ներդրում ունենալ նաև հաշտեցմանը, քանի որ հիշողությունը չպետք է օգտագործել մասնատվելու համար, այլ միավորվելու: Ֆրանսիայի նախագահը հույս ունի, որ առաջիկայում ի զորու կլինեն բացել հայ-թուրքական սահմանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նվիրված է խաղաղությանը՝ Հայաստանի, տարածաշրջանի, ողջ աշխարհի համար: 100-րդ տարելիցը կոչ է խաղաղության, հաշտեցման: Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, կան կարևոր բառեր, որոնք դեռ սպասում են հնչելու, կարևոր են ցավը մեղմացնելու համար: Վերահաստատում եմ, որ Ֆրանսիան իր բոլոր գործընկերների հետ միասին ամեն ինչ անելու է խաղաղ լուծում գտնելու համար: Սա է Երևանի ուձերը՝ խաղաղություն բոլորին, խաղաղություն զոհերի հիշատակի համար, վերապարողների հիշողության համար, Մերձավոր Արևելքի, տարածաշրջանի, համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է»,- իր խոսքն ամփոփեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: