21-11-2014 15:42

Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ Հայաստանին հանձնեն ուղղաթիռի անձնակազմին. Դեսպան

Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանին հանձնեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»,- նշել է դեսպանը: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: