14-11-2014 10:00

Դեսպան Ապիտոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահին

Նախօրեին Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։ Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք հայտնեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության հետագա զարգացման և ամրապնդման համար։ Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։ Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունը: Դեսպանն ընդգծեց, որ նման արկածախնդրությամբ Ադրբեջանը վտանգում է հարաբերական կայությունը տարածաշրջանում և բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նախագահ Նիինիստյոն իր մտահոգությունը հայտնեց տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ` ընդգծելով, որ Ֆինլանդիան սատարում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Անդրադարձ կատարվեց հայ-ֆիննական հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի։