Բավ է պառակտվել
20-02-2015 17:16

Լեզվաբանը՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին Հայաստանի կարգավիճակի մասին

Հայտնի գրականագետ, լեզվաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հռետորական հարցադրում արեց այն թեմայով, թե ապրիլի 24-ին ով կժամանի Հայաստան բացառությամբ Ֆրանսիայի նախագահի: Նրա խոսքով՝ առ այսօր բացի Ֆրանսուա Օլանդից որևէ նախագահ առայժմ չի հայտարարել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան ժամանելու մտադրության մասին: Ինչպես նշել է լեզվաբանը, այդ կարող է նշանակել, որ միջազգային հարաբերություններում չի առաջադրվում անարդարության խնդիրը, և պետությունների առաջնորդների այցը Երևան ապրիլի 24-ին պայմանավորված կլինի ոչ թե նրանով, որ մենք արդար ենք, այլ նրանով, որ Հայաստանը ինչ-որ ազդեցություն և հարգանք ունի համաշխարհային հարթակում: Պրոֆեսորը արել է ևս մի քանի հռետորական հարցադրումներ, մասնավորապես, այն վերաբերյալ, թե արդյո՞ք Հայաստանը որևէ ուժ ներկայացնող երկիր է հանդիսանում, և արդյո՞ք հայկական հանրապետությունը անկախության 25 տարիների ընթացքում կարողացել է դառնալ այնպիսի պետություն, որի կարծիքը հաշվի են առնում: Նրա կարծիքով՝ պատասխանը ակնհայտ է, և պարզվում է, որ Հայաստանը թույլ է ինչպես ներսում, այնպես էլ արտաքնապես, քանի որ և արտաքին, և ներքին քաղաքականության հարցում հանրապետությունը սարսափելի խնդիրներ ունի: Եղիազարյանի կարծիքով՝ Հայաստանը Հայոց Ցեղասպանության 100-ամյակին պետք է ներկայանա որպես տարածաշրջանի առավել հարգված երկրներից մեկը, սակայն այն այժմ առավել թույլ երկրներից մեկն է: Ահա թե ինչու, Եղիազարյանի կարծիքով, բացառությամբ Օլանդի, մյուս նախագահները ոչ միայն չեն ժամանի Հայաստան, այլ փոխարենը կմեկնեն Թուրքիա այնտեղ ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: