07-10-2014 12:25

ԵԽԽՎ զեկույցը բացահայտ առևտուր է. Լ. Ալավերդյան

Ադրբեջանի ներսում տիրող բռնություններից խոսելու փոխարեն, ԵԽԽՎ-ն որոշել է զեկույց պատրաստել «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, այսօր՝ հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝սա բացահայտ առեւտուր է: «ԵԽԽՎ զեկույցի անվանումն արդեն վատն է. դրանում արդեն կա եզրակացություն, դա կոշտ մեթոդ է: Ճիշտ են ասում մեր պատգամավորները, որ եվրոպական արժեքների ճգնաժամ է սկսել: Մեզ համար այս զեկույցի անվանումը ծանրակշիռ փաստարկ է. ինչպե՞ս կարելի է նախքան Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն ուսումնասիրելը արդեն այնտեղ բռնության սրացում հայտնաբերել», - հարց է տվել Լարիսա Ալավերդյանը: Նրա համոզմամբ՝ այստեղ գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, որտեղ կոռուպցիան «թույլերի զբաղմունքն է»: «Ես չեմ կարծում, որ կոռուպցիան պետք է ընդունենք որպես անհաղթահարելի խոչընդոտ», - հավելել է Լարիսա Ալավերդյանը: