26-10-2015 12:46

Իմ հեռախոսը գաղտնալսվում է. Հեղինե Բիշարյան

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին անհանգստացնում են հեռախոսային գաղտնալսումները: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ Հեղինե Բիշարյանն ասաց, թե գաղտնալսումներն անօրինական են, բայց համատարած: «Ինչպե՞ս կարելի է առանց օրենքի շրջանակներում գործելու նման բան անել: Ինչպիսի՞ դեպքեր կան»,- հարցրեց Բիշարյանը: Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թե իրենք չեն ունեցել գեթ մեկ դիմում, որտեղ եղել է հիմնավոր ուղղորդող, բավարար փաստ՝ գործընթաց սկսելու համար: «Մենք գիտենք, որ Հայաստանում այդ գործընթացը բավարար կանոնակարգված չէ: Անհրաժեշտ է հստակեցնել օպերատիվ միջոցառումները, որոնք արվում են, որպեսզի իմանանք՝ ինչպես են դրանք արվում: Այս մասը մեզանում բաց է: Չշահարկելով խոսակցությունների մակարդակում խնդիրը՝ գիտեմ, որ վերահսկողության մեխանիզմներ պետությունում չունենք»,- նշեց Կարեն Անդրեասյանը: Հեղինե Բիշարյանը հակադարձեց՝ պնդելով, որ կան գաղտնալսման դեպքեր. «Իմ հեռախոսը գաղտնալսվում է: Ինչո՞ւ համար չգիտեմ, այս երկում ես հեղաշրջում չեմ անում, ինչ մտածում եմ՝ բարձրաձայն»: Կարեն Անդրեասյանն էլ ասաց, թե պատգամավորի հայտարարությունը ընդունում է որպես բանավոր դիմում և հենց այսօր ՄԻՊ-ը վարույթ կհարուցի՝ հարցի քննության համար: