16-03-2015 16:09

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին եւ նշել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը եւ մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ: Հանրապետության Նախագահը նաեւ ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը եւ արդեն ձեւավորված պորտֆելը, կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը եւս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ-ից ի վեր բանկի համագործակցության մասին, ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար: Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, համակարծիք լինելով, որ Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Սակայն առանց զարգացած ենթակառուցվածքների, զրուցակիցների համոզմամբ, հնարավոր չէ խոսել մրցունակության եւ տնտեսական կայուն աճի մասին: ՀՀ նախագահը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին եւ առաջիկա քայլերին, այդ համատեքստում կարեւորել Եվրամիության օժանդակությամբ Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ մղելը: