13-03-2015 08:27

Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ-ին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ-ի բոլոր անդամ երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և քաջալերել ԵՄ սահմանակարգերին Ցեղասպանության ճանաչման հարցում աջակցություն ցուցաբերել: Այդ սահմանումը ներառված է Եվրախորհրդարանի «2013 թվականին աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» ամենամյա հաշվետվության մեջ, որն ընդունվել է Ստրասբուրգում: «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված հաշվետվությունը: «Երկարատև դադարից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում և կրկին ընդգծում է, որ ցեղասպանությունները և նրանց ժխտումը անհրաժեշտ է ուսումնասիրել մարդու իրավունքների համատեքստում: Այդ առանձնապես կարևոր տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի հանդեպ Եվրոպայի կողմից ցուցաբերած համերաշխության համար», - նշեց «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Հաշվետվության մեջ բարձրաձայնվում են նաև կրոնական փոքրամասնությունների խնդիրները, մասնավորապես, Մերձավոր Արևելքում այլոց թվում խոսվում է նաև հայերի մասին: Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին երաշխավորել, որպեսզի կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգանք վայելեն ողջ աշխարհում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները՝ կաթոլիկները, Հայ առաքելական եկեղեցու հետնորդները, կոպտերը, ինչպես նաև եզդիները և մուսուլման փոքրամասնությունները կտտանքների են ենթարկվում Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից: