01-10-2015 14:16

Եթե կրկին պատերազմ լինի` հայկական կողմն էլ չի զիջի. փորձագետ

Այս օրերին վերլուծաբաններն ու փորձագետները շարունակում են քննարկել սահմանային լարվածության հարցը և պնդում են, որ Ադրբեջանը՝ չնայած իր ագտրեսիվ քաղաքականությանը, պատրաստ չէ պատերազմ սկսել: Gisher News-ի թղթակիցը այսօր քաղաքագետ Գագիկ Համբարյանից փորձեց պարզել, թե ինչ հիմքեր ունենք այդպես մտածելու համար.
«Նախ Ադրբեջանը չի կարող ինքնուրույն պատերազմ սկսել: Ադրբեջանն այն երկրներից է, որտեղ Արևմուտքը՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և մի քանի այլ երկրների ահռելի մեծ գումարներ է ներդրել՝ նավթային և գազային տնտեսության մեջ ու Իլհամ Ալիևը հենց այնպես, ինքնագլուխ չի կարող պատերազմ սկսել»:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է սահմանային լարվածությունը: Նրանք դրանով լուծում են իրենց ներքին խնդիրները, վախեցնում են իրենց ժողովրդին՝ Ալիևյան կլանի իշխանությունը երկարաձգելու համար.
«Ես գտնում եմ, որ Ալիևին բացարձակ ձեռնտու չէ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նա իր ամբողջատիրական վարչակարգը պահպանելու համար ադրբեջանական հասարակությանը պահում է հայերի նկատմամբ տոտալ վախի մթնոլորտում: Ալիևը չի կարողանա պահել իր դիրքերը, եթե Հայաստան շայթանը չլինի: Բացի այդ, Իլհամ Ալիևը ի վերջո պետք է նաև հաշվետու լինի սեփական ժողովրդին, թե ինչու է այս վերջին տարիներին 7-8 մլրդ դոլարի զենքը գնել»:
Բանախոսը նշեց, որ եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ բլից-կրիգի արդյունքում կկարողանա գրավել Ղարաբաղը, նա դա վաղուց կաներ.
«Ղարաբաղի պատերազմի դեպքում Ադրբեջանին ձեռնտու է միայն բլից-կրիգը, դա շատ արագ պետք է արվի, բայց Ալիևը համոզված չէ, որ կկարողանա դա մեկ շաբաթում կամ տաս օրում իրագործել: Քանի որ հայկական կողմը համապատասխան մեթոդներով կզսպի նրան»:
Փորձագետը նաև նշեց, որ, ներկայումս Ադրբեջանի գնած զենքը և զինամթերքը շատ դեպքերում կիրառելի չեն Արցախում՝ կախված լանդշաֆտային առանձնահատկություններից.
«Եթե կրկին պատերազմ լինի, հայկական կողմն այլևս զիջումների չի գնա և զինադադար չի կնքի: Այդ պարագայում հայկական ուժերը ուղղակիորեն կարող են անջատել Արևմտյան Ադրբեջանը Արևելյանից՝ Քուռ գետով»,- եզրափակեց փորձագետը:

Մարինե Բարսեղյան