20-09-2014 17:32

էստոնիայի խորհրդարանում ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ ընդունելություն է եղել

Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի խորհրդարանում` Ռիյգիկոգուում, ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հատկանշական է, որ Էստոնիայի խորհրդարանում առաջին անգամ տեղի ունեցավ օտարերկրյա պետության ազգային տոնին նվիրված միջոցառում:
Ընդունելությանը ներկա էին Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը, Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, խորհրդարանի ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդման, օրենսդիր մարմնի այլ անդամներ, դիվանագետներ, քաղաքական, հասարակական եւ ակադեմիական շրջանակների, ինչպես նաեւ Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս) եւ Էստոնիայի Ռիյգիկոգուի նախագահի առաջին տեղակալ, տիկին Լայնե Ռանդյարվը:
Դեսպան Այվազյանը շնորհակալական խոսքեր ուղղեց Էստոնիայի Ռիյգիկոգուի ղեկավարությանը` ՀՀ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը հյուրընկալելու համար:
Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայ-էստոնական հարաբերությունների պատմությանը` նշելով դրանց հետագա զարգացման կարեւորությունը: