Բավ է պառակտվել
07-12-2015 11:18

Եթե Զուրաբյանը ցույց չտա 500 000 ընտրակեղծիքներն, ապա ստախոս է. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջում է, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ցույց տա 500 000 ընտրակեղծիքները, ինչի մասին հայտարարեց այսօր կեսգիշերն անց հրավիրված ասուլիսին:
«Եթե ցույց չտա, ուրեմն պետք է հրապարակային հայտարարի, որ ինքը ստախոս է: Մանավանդ, եթե նման մեծ սուտ ասում է ուղիղ եթերով, որը տեսնում ու լսում են հարյուր հազարավոր մարդիկ»,–ասաց նա։ 
ՀՀԿ խոսնակն ասաց. «Ափսոսում եմ, որ մեր երկրում այդպես էլ չձևավորվեց ավանդույթ, որպեսզի ընտրություններում կամ հանրաքվեի ժամանակ անհաջողության մատնված կողմը կարողանա շնորհավորել հաջողության հասած կողմին: Եվ հաջողություն մաղթելու, շնորհավորելու փոխարեն, ինչպես ընդունված է նորմալ ժողովրդավարական երկրներում, մարդիկ հապճեպ լրագրողներին քնից հանում են, հրավիրում են մամուլի ասուլիսներ, ինչ ցնդաբանություն ասես ասում են իրենց PR-ի համար»,-ասաց Շարմազանովը և նկատեց. «Բանը հասել է նրան, որ Զուրաբյան Լյովիկը ասում է, որ 500 000 ընտրակեղծիք է եղել»: 
ՀՀԿ խոսնակի գնահատմամբ` քաղաքականության մեջ Զուրաբյանի արածը կոչվում է«դիշովի PR», անգամ չի ասում` էժանագին: 
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ասել էր նաև, որ ճակատամարտը դեռևս տանուլ տված չէ: 
Ի պատասխան` Էդուարդ Շարմազանովն ասաց .«Երիտասարդ, էդ մտքով է անցնում, որ մեր երկրում կարող է ճակատամարտ լինել, հայը հայի դեմ երբեք ճակատամարտի դուրս չի գա, և բոլոր նրանք, ովքեր ընտրական պրոցեսը, հանրաքվեն, քաղաքական պայքարը շփոթում են ճակատամարտերի հետ, նրանք լուրջ մտածելու բան ունեն, որովհետև ճակատամարտ լինում է թուրքի դեմ, ադրբեջանցու՝ ղարաբաղյան ճակատում»: