Բավ է պառակտվել
07-05-2016 08:57

Եթե Ադրբեջանը ագրեսիայի նոր փուլ սկսի, ՀՀ-ն ԼՂՀ ճանաչման հարցը կներառի օրակարգ

Հայաստանը չի բացառում ԼՂՀ–ի ճանաչումը, սակայն այս պահին դրա մասին խոսք չկա, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Խոսելով նախօրեին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման մասին, որը վերաբերում է ԼՂՀ–ի ճանաչման հարցին` Քոչարյանն ընդգծել է, որ կառավարությունը հավանություն է տվել ոչ թե օրինագծին, այլ իր եզրակացությանը։

«Ըստ այդ եզրակացության` ԼՂ–ի ճանաչման մասին նմանատիպ օրենքի ընդունումը պայմանավորվում է Հայաստանի և ԼՂՀ–ի միջև բանակցությունների արդյունքներով, որոնք պետք է հաշվի առնեն իրավիճակի հետագա զարգացումը, այդ թվում` արտաքին գործոնները։ Միանշանակ, խոսքն այն մասին չէ, որ կառավարությունը հավանություն է տվել օրինագծին», – պարզաբանել է փոխնախարարը։

Քոչարյանն ավելացրել է, որ կառավարության եզրակացությունը կներկայացվի ԱԺ–ին, և այնտեղ կընթանան ստանդարտ քննարկումներ։ «Ինձ փոքր–ինչ անհասկանալի է այս խուճապն ու թերհասկացումը», – ընդգծել է նա։

Նրա խոսքով` Երևանը չի բացառում նման հնարավորությունը, և այդ մասին շատ հստակ և միանշանակ խոսել է ՀՀ նախագահը։

«Երբ Ադրբեջանն ապրիլի 2–ին ռազմական ագրեսիա սկսեց ԼՂ–ի դեմ, ՀՀ նախագահն ասաց, որ եթե այդ ագրեսիվ գործողությունները շարունակվեն, Հայաստանին այլ բան չի մնում, քան ճանաչել ԼՂՀ–ն...Եթե Ադրբեջանը սկսի ռազմական ագրեսիայի նոր փուլ, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հարցը կներառվի օրակարգ», – նշել է Քոչարյանը։

«Միանշանակ է, որ եթե Հայաստանը ճանաչեր, ապա ուղիղ կասեր, որ մենք ճանաչում ենք։ Սակայն դրա մասին խոսք անգամ չկա», – ասել է նա։

Խոսելով իրավիճակի սրման աստիճանի մասին` ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ հարկավոր է տարբերել երկու բան` հրադադարի և ռազմական գործողությունների ռեժիմը։ «Հիշում եմ, որ հակամարտության երեք կողմերի` Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած 1994 թ.–ի պայմանագրում նշվում է հրադադարի ռեժիմի սահմանման և ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այն, ինչ արեց Ադրբեջանն ապրիլի 2–5–ը, ռազմական գործողություններ են, վերսկսում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ մշտապես եղել են», – պարզաբանել է Քոչարյանը։

Նա պատահական չի համարում այն, որ միջնորդները շեշտադրում են, որ հրադադարի ռեժիմը պետք է ամրապնդվի, այդ գործընթացում կարելի է և պետք է ներառել նաև ԵԱՀԿ նախագահող երկիրը` Գերմանիային։

«Հարկավոր է ուժեղացնել մոնիտորինգը, որպեսզի անհրաժեշտության դեպքում լինեն տեխնիկական միջոցներ, քանի որ երբ կրակում են, անիմաստ է խոսել բանակցային գործընթացի մասին։ Հարկավոր է հստակ պահպանել հրադադարի ռեժիմը, ժողովրդին պատրաստել ոչ թե պատերազմին, այլ խաղաղության, ինչին բազմիցս կոչ են արել համանախագահները, հարկավոր է նաև նստել բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է ՀՀ փոխարտգործնախարարը։