05-07-2018 20:20

Երկրապահը ընտրության առաջ է դրել Արամ Սարգսյանին

 

Երեւանում տեղի է ունեցել ԵԿՄ ակտիվ նիստ, որը կազմակերպության նախագահի պաշտոնի համար առաջադրել է Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Արամ Սարգսյանը, ով Հանրապետություն կուսակցության նախագահն է, խորհրդարանի պատգամավոր, պատիվ է համարել այդ առաջադրումը եւ ասել, թե ինքը պետք է անի ամեն ինչ երկրապահի պետականաշինության դերը հանրությանը ներկայացնելու համար:

ԵԿՄ նախագահի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ հանրությանը երկու տասնամյակ շարունակ իբրեւ փառավոր գեներալ ու ազգի հերոս ներկայացվող գեներալ Մանվելի նկուղից հայտնաբերվեցին բանակի համար նախատեսված պահածոները, իրերը, զինվորներին երեխաների գրած նամակները:
Մինչ այդ պահը, մոտ քառորդ դար Մանվել Գրիգորյանը նույն այդ երեխաների համար ներկայացվել էր իբրեւ պետականաշինության հենարաններից մեկը:

Պետականաշինության հարցում երկրապահի ինչ դեր է ներկայացնելու Արամ Սարգսյանը, դեռ պարզ չէ: Օրինակ, եթե խոսվի արցախյան պատերազմում երկրապահի դերի մասին, նաեւ պատերազմը պետականաշինության կոնտեքստում, ապա այստեղ անշուշտ կա ներկայացնելու շատ բան, ընդ որում թե լավը, թե վատը, թե ընդհուպ հանցավորը, համենայն դեպս դատելով տարբեր մասնակիցների պատմություններից:

Իսկ պետականաշինության հարցում երկրապահի դերը եղել է գերազանցապես բացասական, եթե խոսքն արդեն հետպատերազմյա պետականաշինության մասին է, որովհետեւ այդ անվանումով կազմակերպությունը սկզբից եւեթ մասնակցել է իշխանության վերարտադրության հակասահմանադրական գործընթացին, կեղծվող ընտրություններին, բողոքների հանդեպ ուժի կիրառմանը եւ այլն:

Իհարկե մասնակիցները բոլոր երկրապահները չէ, որ եղել են, բայց մասնակցողները մասնակցել են Երկրապահի անունից:

Հիմա, ԵԿՄ-ն գլխավորող Արամ Զավենի Սարգսյանը տալու՞ է ԵԿՄ գործունեության այդ շրջափուլի այսպես ասած քաղաքական գնահատականը: Այլապես տպավորություն է, թե ԵԿՄ միակ բիծը գեներալ Մանվելի նկուղն էր: Իրականում ԵԿՄ-ն կամ ԵԿՄ անունից պետությանը հասցվել է շատ ավելի վնաս, նկուղը ընդամենը եղել է այդ ամենի հետեւանքը:

Բանն այն է, որ պետականաշինության մեջ երկրապահի դեր չպետք է լինի ընդհանրապես, չպետք է լիներ ընդհանրապես: Պարզապես քաղաքական նկատառումներից ելնելով իշխող խումբը ներգրավել է այդ մարդկանց, դարձնելով այն իշխանության վերարտադրության հենարաններից մեկը, իբրեւ թե նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Իրականում լուծվել են համեմատաբար սահմանափակ խմբի խնդիրները, իսկ պատերազմի մասնակից ազատամարտիկ-կամավորականների մեծամասնությունը հայտնվել է սոցիալական եւ առողջական խնդիրների առաջ:

Երբ խոսվում է ԵԿՄ դերի մասին, պետք է այդ անցած ուղին լինի խոսակցության առարկան, ոչ թե գեներալ Մանվելը, որի վրա փորձ է արվում բարդել շատ ավելի խորքային խնդիրը՝ պատերազմի վետերանների, կամավորականների մանիպուլյացիոն ներգրավումը քաղաքականություն, որ շարունակվել է ավելի քան երկու տասնամյակ:

Արամ Զավենի Սարգսյանն այդ առումով իսկապես ունի կատարելու ահռելի աշխատանք, ու լավ է, որ պատրաստ է: Պետք է ենթադրել, որ նա պատրաստ պետք է լինի նաեւ դուրս գալ քաղաքականությունից, որովհետեւ գործնականում գլխավոր խնդիրը հենց ԵԿՄ-ն քաղաքականությունից դուրս բերելն է, սոցիալ-ռազմականացված այդ միավորումը քաղաքականության մեջ շահարկելը դադարեցնելը:

Ըստ այդմ, ԵԿՄ նոր նախագահը պետք է սկսի իրենից՝ դուրս գա քաղաքականությունից, վայր դնի կուսակցապետի եւ ԱԺ պատգամավորի մանդատը եւ ձեռնամուխ լինի ԵԿՄ-ն երկու տասնամյակից ավելի քաղաքական մանիպուլյացիաների ճահճից դուրս բերելու եւ իրապես մաքրելու, միաժամանակ նաեւ այդօրինակ ինստիտուտի իրական՝ սոցիալ-հոգեբանական առաքելություն ձեւավորելու գործին: