15-04-2017 12:50

Սպառնալիքի դեպքում Երևանը կգործարկի «Իսկանդերներն»՝ առանց Մոսկվայի համաձայնության. դեսպան Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում խոսել է ղարաբհաղյան հակամարտության վերաբերյալ Երևանի դիրքորոշման, տարածաշրջանային հարաբերությունների և Մոսկվայի հետ համագործակցության, ինչպես նաև անվտանգության սպառնալիքի դեպքում Հայաստանի հավանական արձագանքի մասին:
Նա հայտարարել է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը առաջին հերթին սպառնում են Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները և նրա թշնամական քաղաքականությունը:
« Այստեղ հարցը սպառազինության քանակը կամ որակը չէ, այլ այն, թե ինչ քաղաքականություն ենք մենք վարում: Մենք խաղաղության և հրադադարի պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերից բխող քաղաքականությո՞ւն ենք վարում, թե՞ այնուամենայնիվ հզորացնում ենք ռազմական ներուժն ու վարում ենք հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականություն»,-հարցադրում է արել դեսպանը:
Նրա խոսքերով Հայաստանի հակառակորդը ձգտում է խուսափել, առաջին հերթին, կրակի համապարփակ դադարեցման վերաբերյալ իր միջազգային պարտավորություններից, որը քիչ թե շատ պահպանվում էր վերջին տարիներին:
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի ռազմականացումը, և այդ ոլորտում համագործակցությունը ՌԴ-ի հետ, որովհետև ոչ միայն մենք ենք համագործակցում Մոսկվայի հետ, այլ նաև Բաքուն: Տեսնում ենք նաև համագործակցություն այլ խաղացողների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ».- հայտարարել է Տողանյանը: Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ղարաբաղում տեղի ունեցավ արյունալի քառօրյա (ապրիլյան) պատերազմը, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, ավերվեցին սահմանամերձ գյուղեր:
«Դա ամբողջ տարվա ընթացքում էր կատարվում և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև ՀՀ հետ սահմանին՝ հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք հեռու են Ղարաբաղի տարածքից»,- նշել է հայ դիվանագետը:
Նրա խոսքերով, Երևանը գտնում է, որ միայն խաղաղության պահպանությանն ուղղված միջազգային պարտավորությունները կատարելով, և քաղաքական երկխոսության ձգտելով է հնարավոր տարածաշրջանում կայունություն պահպանել:
«Սպառազինման գաղափարախոսությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ուստի մեր ստացած զենքը՝ «Իսկանդեր» համակարգերը, ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Եվ ՀՀ նախագահը վերջերս ուղիղ և բացահայտ կերպով հայտարարեց, որ եթե մեր սահմանների և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք առաջանա, ապա՝ այո, այդ զենքը կկիրառվի»,- ընդգծել է դեսպանը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը բխում է նրանից, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ հակամարտության լուծումը պետք է քաղաքական լինի:
Խոսելով «Իսկանդեր» համակարգերի կառավարման մասին, դեսպանն ընդգծել է, որ այդ զենքը գտնվում է ՀՀ զինված ուժերի ձեռքում, համապատասխանաբար՝ կառավարումն էլ կատարվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
«Ելնելով ՀՀ նախագահի հայտարարությունից՝ սպառնալիքի դեպքում, որպես գլխավոր գերագույն հրամանատար նա իրավունք ունի գործի դնել համապատասխան սպառազինությունը: Չնայած, որ մենք միացյալ ռազմական խմբավորում ունենք ՌԴ հետ, միացյալ ՀՕՊ համակարգ, և շատ հարցեր համակարգում ենք, սակայն, եթե խոսքը մեր բանակի զինանոցում առկա այս կամ այն զինատեսակը կիրառելու մասին է, ապա որոշումը կայացնելու է հայկական կողմը»,- ասել է դեսպան Տողանյանը: