08-11-2016 15:54

Նալբանդյան. Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից

Բաքվի հայտարարությունները հակասական բնույթ են կրում: Մի կողմից այնտեղ խոսում են հանդիպումներին պատրաստ լինելու մասին, իսկ մյուս կողմից հակադրվում են համանախագահների հայտարարություններին: Այս մասին նոյեմբերի 8-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Համբուրգում հանդիպումից ունեցած սպասումները:

Նախարարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման հնարավորության մասին ասել էր համանախագահներից մեկը: Բաքվում նախօրեին հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպմանը:

Սակայն, ինչպես հիշեցրեց Նալբանդյանը, Բաքուն յուրովի է պատրաստվում համանախագահների առաջարկներին: «Ադրբեջանում միայն մեկ սկզբունք են տեսնում: Միջնորդները խոսում են 3 սկզբունքների մասին՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի մերժում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն:

Բազմիցս խոսվել է, որ սկզբունքներն ու դրանց վրա հիմնված բաղադրիչները մե ամբողջություն են, եւ դրանք տարանջատելը բարդ իրավիճակ է ստեղծում: Բաքուն պետք է կողմնորոշվի, թե ուզում է արդյոք շարունակել բանակցությունները գոյություն ունեցող ձեւաչափով:

Քանի որ մի կողմից խոսում է մասնակցության, իսկ մյուս կողմից դեմ է հանդես գալիս համանախագահների առաջարկներին:

Մասնակցություն հանուն մասնակցության, սա բանակցությունների իմիտացիա է: Դրա վկայությունը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովներն էին: Մասնակցեցին եւ ի՞նչ: Մինչ օրս նրանք հրաժարվում են կատարել պայմանավորվածությունները եւ անում են ամեն բան, որպեսզի դրանք չիրականացվեն»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նրանք, ովքեր կասկածում էին, որ Բաքուն կգնա իրավիճակի լարմանը, իրենց պատասխանը ստացան ապրիլին: Նալբանդյանը հիշեցրեց, որ ապրիլյան ագրեսիայից հետո համանախագահների եւ Հայաստանի ջանքերն ուղղված են եղել բանակցությունների առաջընթացի համար պայմաններ ստեղծելուն:

«Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից: Բայց նաեւ մասնակցելով հանդիպումներին՝ ընդունել է համանախագահների առաջարկած ձեւաչափը: Մի քանի ամիս առաջ Ադրբեջանն առհասարակ հրաժարվեց համանախագահների հետ հանդիպումից եւ նրանց զբոսաշրջիկներ անվանեց»,- հիշեցրել է նախարարը:

Ընդ որում, Նալբանդյանն արձանագրել է, որ Ադրբեջանը փորձում է սրել իրադրությունը հակամարտության գոտում: Նախարարը հիշեցրել է Ադրբեջանում մեծամասշտաբ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնց մասնակցում է ԶՈւ ամբողջ պոտենցիալը: Պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը պետք է ժամանակին հայտներ զորավարժությունների մասին: Զուգահեռաբար մեծացել է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը:

Վերադառնալով Համբուրգում հանդիպման թեմային՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրա ձեւաչափը դեռեւս հաստատված չէ: «Տեսնենք, թե համանախագահների կողմից ինչ առաջարկներ կլինեն»,- ասաց Նալբանդյանը՝ վստահություն հայտնելով, որ միջնորդների հետ հանդիպումներ կլինեն: