Բավ է պառակտվել
10-05-2016 14:38

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի

Մայիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր քննարկել
Նախարար Նալբանդյանը դեսպան Զալբերին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը, դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ջանքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցը ռազմական լուծում չունի, և Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունների շուրջ։ Այս առումով նախարար Նալբանդյանը շեշտել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով` այդ քայլերը համապատասխան պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, դրանց իրավական հիմքի շուրջ բանակցություններին: