Բավ է պառակտվել
21-06-2016 08:43

Նալբանդյանը գոհ է նախագահների հանդիպումից

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան ասել է, որ հանդիպումը բավական օգտակար էր։

«Այսօրվա հանդիպումը բավական օգտակար էր, և, որոշ զգուշավորությամբ, կարող եմ ասել՝ կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել դեպի հիմնախնդիր կարգավորման առաջընթացի: Այս մասին նշված է նաև նախագահների կողմից արված հայտարարության մեջ»,-այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները ինչպես երկու երկրների նախագահների, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով:

«Այս ողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների ձևաչափով»,-ասել է Նալբանդյանը:

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ավարտին նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել: