Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հակահայկական հայտարարությունը քննարկվում է թուրք հասարակության կողմից:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարել է, թե պատրաստվում է դատի տալ Էրդողանին:
Կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը նշել է, որ գործող վարչապետի հայտարարությունը հակասահմանադրական է:
«Դա թշնամական պահվածք է: Դա հակասում է Թուրքիայի քրեական օրենսգրքին և Սահմանադրությանը: Վարչապետը ատելություն է սերմանում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ հարցազրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել էր իրեն վիրավորողներին և դժգոհել, որ իրեն հայ են անվանել:
«Իմ մասին ինչեր ասես՝ չեն ասել: Ասել են՝ վրացի եմ: Ավելի տգեղ բաներ էլ են ասել, կներեք արտահայտությանս համար, ասել են նաև, որ հայ եմ: Ես պապերիցս, հորիցս լսել, սովորել եմ, որ թուրք եմ»,- ասել է Էրդողանը:
Վարչապետի հայտարարությանն անդրադարձել է նաև Ազգայնական շարժում կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշը գրավոր հարցապնդում է ներկայացրել նախագահի թեկնածու Էրդողանին՝ հարցնելով. «Հայ լինելն արդյո՞ք հանցանք է»:
«Էրդողանին 21-րդ դարից նորություններ ունենք: Հայ լինելը հանցանք, ամոթ, տգեղություն կամ մեղք չէ: Էթնիկ կամ մշակութային խմբերին պատկանելիությունը դատապարտել կամ թերագնահատելն է հանցանք և մեղք՝ Աստծո առաջ»,-ասել է նա: