06-08-2014 16:33

Էրդողանին մեղադրում են ստախոսության մեջ

Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին ուղղված սկանդալային հայտարարությունից հետո նրան սկսել են մեղադրել նաեւ ստախոսության մեջ։

Թուրքական մամուլում սկանդալային հարցազրույցից հետո սկսել են հիշատակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2004 թվականին Վրաստան կատարած այցի ընթացքում նրա հայտարարությունը, որտեղ նա ասել էր, թե ինքը վրացի է. ՛՛Մեր ընտանիքը Բաթումից Ռիզե գաղթած վրացի ընտանիք է՛՛- հայտարարել է նա։

Լրագրողները նաեւ ցույց են տալիս Wikipedia-ում նրա էջում գրված նույն տեղեկությունը, որտեղ նա շեշտել է, որ վրացի է։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: ՛՛Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ՛՛,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: