Բավ է պառակտվել
29-04-2014 10:32

Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության մասին ուղերձի ՛՛հասցեատերը՛՛ միջազգային ՛՛ընտանիքն՛՛ էր

Էրդողանի ուղերձի հիմնական հասցեատերը միջազգային ընտանիքն է: Այս մասին նշվում է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի խմբագրականում:
Խմբագրականում նշված է.

«Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանքներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ այն նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսեւորում, ապրիլյան օրերին իբրեւ ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը եւ ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված ետ քայլը:

Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության ծիրում եւ այդ պատճառով տարբաղադրական վերլուծումները մի պահ շրջանցելով, կենտրոնանանք այն բաժնի վրա, որն ի վերջո բարձրագույն մակարդակով թուրք պետության ներկայացուցիչը հայտարարում էր, որ ապրիլի 24-ը Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ աշխարհի տարածքում ապրող հայերի համար կարեւոր նշանակություն ունի: Մնացյալը՝ ցավակցությունը, հոգիների խաղաղությունը, հասարակաց զոհերը եւ ցավերը, շարունակում են տեղադրվել ժխտողականության մարտավարական խաղերի մեջ: Ապրիլի 24-ի բաժինը եւս որոշակիորեն համահունչ կարող է նկատվել այդ բոլորին: Պետք չէ մոռանալ միաժամանակ, որ նախ Թուրքիայի հայ քաղաքացիների համար կարեւոր նշանակություն ներկայացնող մի թվական լինելու իր հաստատումով Էրդողանը կանաչ լույս էր վառում Պոլսի, Անկարայի եւ տարբեր շրջանների մեջ ծայր առած եւ հետզհետե զարգացող ապրիլյան յուրահատուկ ոգեկոչական ձեռնարկներին:

Բայց կարեւոր է Թուրքիայի հայ քաղաքացիներին եւ ընդհանրապես բոլոր հայերին Էրդողանի ակնարկը, որովհետեւ ծխածածկույթի եւ մշուշապատման ընդհանուր փորձի մեջ հատուկ տեղ ունի ուղերձի հասցեատերը:Մշուշապատման այս պետական փորձը մատնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Թուրքական «TRT Haber» պատկերասփյուռի կայանի փոխանցումով, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ցավակցությունները հասցեագրված են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` հայերին: Դավիթօղլուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական այդ ուղերձը որակել է իբրեւ Թուրքիայի կողմից հայերին հասցեագրված «պատմական քայլ»: Դավիթօղլուն հույս է հայտնել, որ «պատմական այդ քայլը» նպաստում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Այստեղ եւս հայ-թուրքական հարաբերությունները պետք է հասկանալ ընդհանրապես երկու ժողովուրդների միջեւ ընթացող հարաբերությունները եւ ոչ թե Անկարա-Երեւան միջպետական մակարդակի վրա ընթացած կամ չընթացող հարաբերությունները:

Ավելի մոտենանք ուղերձի բուն հասցեատիրոջը: Ուղերձը հավանաբար ունի առաջնային եւ երկրորդական հասցեատերեր: Ամբողջ բովանդակությունը, բնականաբար ո՛չ հայությանը ցավակից դառնալն է, ո՛չ Թուրքիայի մեջ զուտ հայկական շրջանակների ապրիլյան ձեռնարկներ կազմակերպելու թույլտվություն տալն է, ո՛չ էլ ընդանուր զոհերի հոգիների խաղաղություն ցանկանալն է: Այս բոլորի նպատակը բացառապես Անկարայի արտաքին քաղաքականության կարեւոր դրույթներին համահունչ կարեւոր առավելներ ձեռք ձգելն է դեպի միջազգային ընտանիք: Եվ ահա այն առաջնային հասցեատերը, որին ուղղված է Էրդողանի պատգամը:

Անկարան միայն երկիր շրջափակող պետություն չէ, այլեւ ապրիլյան ձեռնարկներ իր քաղաքների մեջ արտոնողը: Անկարան միայն միջազգային ահաբեկչության սատարող պետություն չէ, այլեւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ընկած զոհերին ցավակցողը: Անկարան միայն Քեսաբի տեղահանության պատճառ հանդիսացող պետություն չէ, այլեւ ցեղասպանությունից վերապրողների ցավը կիսողը, քաղաքացիություն շնորհողը: Եվ նման շատ ու շատ օրինակներ, հասնելու համար նույնիսկ պատմության մեջ արձանագրված «անմարդկային տեղահանություններ»-ի տեսությունը ընդունողին:

Միջազգային ընտանիքը ուրեմն նման փորձերով է դրվում Անկարայի կողմից ձեռնարկված «մեծ զիջումների» իրականության առջեւ:

Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն սփյոււռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաեւ Անկարան եւ իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման մի բառախաղ: Թիրախավորված հասցեատերը այս պարագայում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք եւս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը»: