Բավ է պառակտվել
27-11-2017 11:12

Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ընդդիմությունը գտնի արտերկրի իր հաշվեհամարները

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում կայացած ելույթի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմադիր գլխավոր՝ Ժողովրդա- հանրապետական կուսակցությանը (ԺՀԿ) հաջողվի ապացուցել, որ իր դրամական միջոցները գտնվում են արտասահմանյան հաշվեհամարներին:
« Եթե ձեզ հաջողվի ապացուցել, որ իմ փողերը արտասահմանյան ինչ-որ բանկերում են, ապա ես հրաժարական կտամ նախագահի պաշտոնից»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:
Նոյեմբերի 21-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահի բարեկամներին և մոտ դաշնակիցներին մեղադրել էր այն բանում, որ նրանք « օֆշորներում գտնվող ընկերության մեջ միլիոնավոր դոլարներ են ներդրել»: Ընդ որում, ընդդիմադիր կուսակցության առաջնորդի խոսքերով, այդ ընկերության մեկնարկային կապիտալը կազմել է ընդամենը մեկ ֆունտ ստերլինգ, բայց հետագայում դրանում միլիոններ են ներդրվել»: Ավելի վաղ նա նաև քննադատել էր իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորների որոշումն այն մասին, որ խորհրդարանում արգելափակվի օֆշորային ընկերությունների հետ վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների հնարավոր առնչության վերաբերյալ հետաքննությունը: Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ ինքը «պարզաբանումներ է սպասում դրա վերաբերյալ »:
Ավելի ուշ Էրդողանը հայց էր ներկայացրել դատարան՝ ԺՀԿ-ի առաջնորդից իբրև փոխհատուցում 1,5 մլն թուրքական լիրա ($380հազ.) գանձելու պահանջով: Նախագահի փաստաբաններն ընդգծել են, որ Քըլըչդարօղլուն վնաս է հասցրել Էրդողանին և դրա համար պետք է փոխհատուցի:
Paradise Papers անվանումով նյութերը հրապարակվել էին նոյեմբերի 5-ին՝ Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից (ICIJ): Դրանք պարունակում էին մի շարք պետությունների քաղաքական գործիչների և ընկերությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ շուրջ 13,4 մլն փաստաթուղթ:
Տվյալների աղբյուրը Appleby և Asiaciti Trust ընկերություններն են, որոնք տրամադրում են, այսպես կոչված, օֆշորային ծառայություններ: Թե ով է պատասխանատու տեղեկատվության արտահոսքի համար, և թե երբ են այդ տեղեկությունները տրամադրվել կոնսորցիումին՝ չի հստակեցվում:
Նոյեմբերի սկզբին, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ վարչապետի որդիների անունները շրջանառվում են Paradise Papers-ում, ԺՀԿ-ն Յըլդըրըմից հրաժարական պահանջեց: Սակայն թուրքական կառավարության ղեկավարը հայտարարեց, որ իր որդիների ընկերությունները «Թուրքիայում ամենից շատ հարկերն են վճարում»: Յըլդըրըմի խոսքերով, իր որդիներն՝ ի տարբերություն իրեն, անձեռնամխելիություն չունեն: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է աջակցել նրանց նկատմամբ ցանկացած ստուգման իրականացմանը: