Բավ է պառակտվել
30-01-2015 09:51

Պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ մեղադրել է հայկական սփյուռքին «սադրանքների դիմելու», Թուրքիայի հետ «առճակատում հրահրելու» և «բանակցություններից փախուստ տալու» համար: Էրդողանը հայտարարել է, թե միակ բանը, որ անում է սփյուռքը, իրենց հետ «որևէ կապ չունեցող երկրներում որոշումներ կայացնել տալն է»: 
«Եթե հարցնեք՝ քարտեզի վրա Հայաստանը ցույց տալ չեն կարողանա, սակայն այդ երկրների խորհրդարանները Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
Նա դարձյալ կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի հայտնի առաջարկը:
«Մենք ինչ-որ մեկի պատվերով պարտավոր չենք Ցեղասպանությունը ճանաչել: Ասում եմ՝ եթե անկեղծ եք, եկեք թողնենք պատմաբաններին փաստաթղթերով թող աշխատեն, զեկույցներ ներկայացնեն մեզ, հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, նստենք սեղանի շուրջ:
Եթե մենք որևէ հանցանք ունենք, եթե վճարելու բան ունենք, մենք, որպես Թուրքիա պետություն, կանենք անհրաժեշտ քայլերը: Սակայն միակ բանը, որ անում են հայերը՝ «Թուրքիան մեղավոր է» ասելն է»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահը դարձյալ պնդել է, թե Թուրքիայի արխիվները բաց են, իսկ հայկականները՝ փակ:  
«Մենք անկեղծ ենք, սակայն ասում ենք՝ բացեք ձեր արխիվները, մենք բացել ենք: Եթե երրորդ երկրներ էլ կան, թող իրենք էլ բացեն արխիվները, միասին թող աշխատեն պատմաբաններն ու նրանց պատրաստած զեկույցներին էլ բոլորս հարգանքով մոտենանք»,- ասել է նա: