11-03-2014 10:57

Ե՞րբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել Twitter-ի իր էջում։
Գրառման մեջ նա անդրադառնում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը.

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են զբաղվել խաղաղության հաստատման խրթին հարցերով»,- գրել է նա սոցկայքում։

Հիշեցնենք, որ Փարիզում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Ուորլիքը Twitter-ում գրառում է արել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին՝ այն որակելով «արդյունավետ»:
ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր Մոսկվայում հերթական հանդիպումը կանցկացնի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։