Բավ է պառակտվել
03-03-2015 14:58

ԵԺԿ ընդունել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը ընդունել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված բանաձևը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհավորել է իր հայրենակիցներին արդարությունը հաստատելու ճանապարհին Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքի աջակցության կապակցությամբ: Նախարարը նաև իր էջում տեղադրել է 9 կետից բաղկացած բանաձևը, որի առաջին կետում նշված է, որ կուսակցությունը դատապարտում է Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից ծրագրավորված և հայերի նկատմամբ կատարված 1894-1924 թթ,-ի ցեղասպանական գործողությունները, այն է հայրենիքից զրկելը, և նրա հայ բնակչության և մշակութային ժառանգության բնաջնջմանը ուղղված էթնիկական հողի վրա կատարված հանցագործությունները: Բացի այդ ԵԺԿ դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը ժխտելու, պատասխանատվությունից խուսափելու և այդ հանցագործությունը մոռացության մատնելու փորձերը՝ հավասարեցնելով այն հանցագործությունը շարունակելու և նոր ցեղասպանությունների խրախուսմանը: Բանաձևի կետերից մեկում ԵԺԿ կոչ է արել Թուրքիային հետևել Գերմանիայի օրինակին և ճանաչել պատմությունը և Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև այդ հանցագործության հետևանքները, վարել եվրոպական երկրին հարիր քաղաքականություն նյութական և բարոյական փոխհատուցման մասով, որը ներառում է հայկական բնակչությանը պատմական հողերի վերադարձը, ինչպես նաև հաշտեցումը: Բանաձևում նաև Թուրքիային կոչ է արվում ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց Ցեղասպանությունը՝ «սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելով այդ սարսափազդու հանցագործության զոհերին»: Կուսակցության անդամները նշել են, որ իրենք լիահույս են, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների հաշտության գործընթացում: