Բավ է պառակտվել
18-09-2014 10:29

Ըստ Պորոշենկոյի ԵՄ-ի հետ ասոցացումը վերջ դրեց Խորհրդային միությանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադա կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի ուկրաինական համայնքին, այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով: Օտտավայում ուկրաինացիների հետ հանդիպմանը նա կանադա-ուկրաինական համայնքին շնորհակալություն է հայտնել անկախ Ուկրաինայի զարգացմանը սատարելու համար, նաև մեկնաբանել Գերագույն ռադայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը: Այս առիթով Պորոշենկոն ասել է. «Դա վերջին հրաժեշտն է Խորհրդային Միությանը: Ոչ ոք և ոչինչ մեզ չի խոչընդոտի մեր պետության քաղաքակիրթ զարգացման ճանապարհին»: Խոսելով առաջիկա անելիքի մասին՝ նա ասել է, որ Ուկրաինայում պետք է հաղթահարվի կոռուպցիան, նոր ուկրաինամետ խորհրդարան ընտրվի, իսկ Գերագույն ռադայում «պետք է ազատվել հինգերորդ շարասյունից»: Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում, քանի որ դա իրենց «իսկական պայքարն է հանուն անկախության»: Պորոշենկոյին են փոխանցվել կանադացի երեխաների նկարները, որոնք նրանք արել են Ուկրաինան պաշտպանող զինվորների համար: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 16-ին ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին օրենքը՝ անմիջապես Գերագույն ռադայի կողմից վավերացվելուց հետո: